Հայաստանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը այսօր առաջին անգամ կառավարության նիստ է անցկացնելու: Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից Հանրապետության հրապարակի մերձակայքում էր: Նա երեկ հայտարարել էր, որ փորձելու են կառավարության, մի շարք նախարարությունների շենքեր շրջափակել` աշխատանքը խափանելու նպատակով: Ցուցարարները առավոտից փորձում էին շրջափակել կառավարական 3-րդ մասնաշենքը, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, այդ թվում՝ գյուղատնտեսության, առողջապահության, նաև՝ կառավարությանն առընթեր մի քանի գերատեսչություններ: Ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցուցարարներին ցրելով՝ առաջ մղեց դեպի Վարդանանց փողոց և վերահսկողություն սահմանեց շենքի մուտքի երկայնքով, ընդ որում՝ արգելափակվեց նաև Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը, թեև նա պատգամավոր է և անարգել կարող է մուտք գործել նախարարություն:
Ակցիայի մասնակիցները տարբեր կողմերից էին շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, այդ թվում՝ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի և Հանրապետության փողոցի կողմից, սակայն այդ հատվածներում ևս ոստիկանությունը ուժի գործադրմամբ հետ մղեց ցուցարարներին: Բազմաթիվ բերման ենթարկվածներ կան:
Ոստիկանների գործողությունները համակարգում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, տարածքում էր նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: Նիկոլ Փաշինյանը շարունակեց երթը: Առաջնորդելով մեծ թվով ցուցարարների՝ նա անցավ մայրաքաղաքի փողոցներով, այս անգամ հասավ նաև արվարձաններ, Գարեգին Նժդեհի հրապարակ:
Տեղեկանալով, որ բերման են ենթարկում քաղաքացիներին, որպես բողոքի նշան՝ Փաշինյանն առաջարկեց կաթվածահար անել Իսակովի պողոտան` երկու ժամ մեծ խցանում էր առաջացել ամբողջ պողոտայի երկայնքով: Այսօր շրջանառության մեջ է դրվել նոր կարգախոս՝ Փաշինյանը կոչ է անում վարորդներին ձայնային ազդանշան տալ, եթե դեմ են Սերժ Սարգսյանին, և երթի ընթացքում ձայնային ազդանշանները պողոտայով մեկ ուղղակի չէին լռում:
Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակի ողջ տարածքում, նաև Ճանապարհային ոստիկանությունն է հերթապահություն սահմանել: Կառավարության նիստերը նախկինում որպես կանոն ժամը 11-ին էին մեկնարկում: Այսօրվա նիստը, սակայն, նախատեսված է ժամը 17-ին, ժամը 18:15-ին էլ՝ նիստից հետո, կկազմակերպվեն արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցները: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փորձելու են շրջափակել կառավարության գլխավոր մասնաշենքը՝ խափանելու համար նիստը: Նա պնդում է, որ Սերժ Սարգսյանը հայաստանցիներին պետք է նայի փշալարերի կամ ոստիկանական վահանների հետևից:
Այսօր անդրադառնալով Ոստիկանության հայտարարությանը, թե պետական պահպանության շենքերը հատուկ նշանակություն ունեն, և դրանց վրա հարձակման վտանգ անգամ զգալով՝ ոստիկանները կարող են զենք գործադրել, Փաշինյանը ասաց, որ եթե խաղաղ ցուցարարների վրա կրակելու են, թող կրակեն:
«Եթե ցույցը, ակցիան խաղաղ է, բռնություն չի պարունակում, իհարկե ապօրինի է [զենքի կիրառումը], դա բոլոր միջազգային կոնվենցիաներով է այդպես, հո նորությո՞ւն չի: Բռնի գործություն չկատարող ցուցարարի նկատմամբ զենք կիրառելը ո՞րն է, չի կարող այդպիսի բան լինել», - շեշտեց նա: